Անեկդոտներն ու պատրանքները ավարտվեցին, վերադառնում ենք իրականություն: Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը, ում Առաջադիմական կուսակցությունը ապրիլի 2-ին հաղթեց ընտրություններում, շատ պարզ նախադասություն ասաց՝ Սերբիան ժողովրդավարական երկիր է, ընտրություններից հետո ընտրողներն իրավունք ունեն իրենց երջանիկ կամ դժբախտ զգալ: Չգիտեմ՝ սերբերը երջանկությունի՞ց են դեռ փողոցում բողոքարկում ընտրությունները, թե՞ դժբախտությունից: Շաբաթ օրը նրանց միացան ոստիկանները, որ բողոքում էին ցածր աշխատավարձից ու ծանր ծառայությունից: Վուչիչը ճիշտ է՝ Սերբիան ժողովրդավարական երկիր է: Ի՞նչ երկիր է Հայաստանը: Դժբախտ երջանիկների՞: Երջանիկ դժբախտների՞: Ապրիլի 2-ի ընտրությունները սկիզբ էին ու վերջ:
1. Սկիզբ՝ ո՞ւմ համար: Նրանց, որ մտան խորհրդարան՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, «Ելքի» ու ՀՅԴ-ի: ՀՀԿ-ի սկիզբը պայմանական է՝ սկիզբ, որ 17 տարի շարունակվում է: Այս ընտրություններում ՀՀԿ-ն ամենից շատ խոսում էր նոր սկզբի մասին՝ թվարկելով անուններ ու մտադրություններ: Ընտրությունների օրն ապացուցեց՝ ոչ մի սկիզբ, ամեն ինչ հինն է ու նույնն է: ԲՀԿ-ի համար ևս սկիզբը պայմանական է, ի՞նչ սկիզբ, երբ նորից չստացան 50+1 %-ը, որ 15 միլիարդ դոլարի գին ուներ, նորից երկրորդն են: Սկիզբն առավել ևս չկայացավ, որովհետև մինչև հիմա չկա հոդաբաշխ բացատրություն՝ ի՞նչ տարբերություն ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև: Որ մեկը միշտ առաջինն է, մյուսը՝ երկրո՞րդը: Բայց դա տարբերություն չէ, այլ՝ պայմանավորվածություն: ՀՅԴ-ն կարող է երջանիկ համարել իրեն երկու մանդատի հավելումով: Ինչո՞վ արդար Հայաստան չէ: Փաստացի սկիզբը միայն «Ելքինն» է, որ դեկտեմբերին ձևավորվեց իբրև դաշինք, իսկ ապրիլին խորհրդարանում է իբրև ընդդիմություն: Միակ ընդդիմություն, թեպետ ԲՀԿ-ն փորձում է տեղավորվել ընդդիմադիրի կերպարում, որ «Ելքին» ոչ միայն հավելյալ մանդատներից է զրկում, այլև անընդհատ առաջացնելու է նույն հարցը՝ ո՞վ է իրական ընդդիմությունը, և ոչ միշտ է հնարավոր լինելու քվեարկության պատկերով պատասխանել: Անհեթեթ է միշտ դեմ քվեարկել, երբեմն լինում են անհրաժեշտ օրինագծեր: «Ելքը» պիտի ապացուցի նոր ու կրեատիվ գաղափարների տեր լինելը ու կարողանա ոչ միայն հակադրվել, այլև համոզել իշխանությանը: Եվ որ ավելի կարևոր է՝ ընտրողին: Փաստացի «Ելքը» ստիպված է լինելու խաղալ և՛ խորհրդարանի հարթակում, և՛ փողոցում, որտեղ արդեն խցանում է:
2. Վերջ՝ ո՞ւմ համար: Նրանց, որ խորհրդարան չմտան: Այստեղ վիճակն ավելի բարդ է: Մոռանանք տոկոսները: Փաստերն ավելի հիշվող են: Ի՞նչ է լինելու նրանց ապագան: ՀՎԿ-ն, որ ինչպես Արթուր Բաղդասարյանն էր ասում, ինքնին դաշինք է, կկազմաքանդվի, կմնա ՕԵԿ-ը ու կփորձի հաջորդ ընտրություններում վերադառնալ, մինչ այդ Արթուր Բաղդասարյանը ինչ-որ պաշտոն կստանա: ՍԴ-ն մոռացեք:
«Հայկական վերածննդում» տեղավորվածները կջանան վերադառնալ Գագիկ Ծառուկյանի ներողամիտ գիրկը կամ նոր մեկենասներ գտնել: Կամ էլ՝ կմնան թղթի վրա: ՀԿԿ-ն ընտրություններում առաջադրվելու հաճելի արկածից հետո հինգ տարով չի հիշեցնի գոյությունը: «Ազատ դեմոկրատները» ևս մի քանի սրտաճմլիկ հայտարարություն կանի իր նպատակների մասին, հետո յուրաքանչյուրը իր գործով կզբաղվի: Լևոն Տեր-Պետրոսյանը, ճիշտ ինչպես Ռոբերտ Քոչարյանը, իրեն կվերապահի ազատ արբիտրի դեր ու ստեպ-ստեպ հարցազրույցներ կտա ilur.am-ին, քաղաքագիտական վերլուծություններ կանի՝ կանխագուշակելով աշխարհի ու երկրի կործանումը: ՀԱԿ-ում ոչ ոք չի մտածի գոնե մեկ անգամ, փակ դռների հետևում, վիսկու կամ կոնյակի գավաթը ձեռքին՝ անկեղծ խոսել, վերլուծել ու հասկանալ՝ ո՞ւր կորավ Մատենադարանից օպերա ու ավելի հեռու «Լևոն նախագահ» վանկարկող ժողովուրդը: Համենայն դեպս՝ ըստ սովորույթի՝ ՀԱԿ-ը բողոքարկեց ընտրությունները ԿԸՀ-ում: ԿԸՀ-ն մերժեց, հերթը ՍԴ-ի՞նն է: ՕՐՕ-ում կարծես իշխանափոխություն է եղել՝ Օհանյանը, Րաֆֆին, Օսկանյանը լռում են, խոսում են Արմեն Մարտիրոսյանն ու Հովսեփ Խուրշուդյանը, բայց ոչ իրենց անհաջողության, այլ մրցակիցների հաջողության պատճառների մասին:
Դա ոչ թե քաղաքական, այլ անձնական գնահատական է՝ որքան օբյեկտիվ, նույնքան սուբյեկտիվ: Ինչո՞ւ ձախողվեցին այս կուսակցություններն ու դաշինքները: Ինչո՞ւ չեն հնչում ափսոսանքի ու կորստի խոսքեր: Պատճառները և ընդհանրական են, և յուրաքանչյուրի դեպքում՝ առանձին: Ընդհանրականը՝ նրանք չունեն հասարակական պահանջարկ և չեն տիրապետում ներկա օրակարգի գլխավոր խնդիրներին: Նրանք խոսում էին ուրիշների սխալներից և իրենց առաջարկները ձևակերպում էին հակադրության սկզբունքով: ԱԺ չմտած բոլոր ուժերը, ինչպես ավանդույթն է պահանջում, հինգ տարի հայտարարելու են, որ խորհրդարանը լեգիտիմ չէ, ընտրությունները կեղծված են, քվեները՝ վաճառված: Դա չեն արել նախորդ ընտրություններում, որ նույն ընթացակարգն է ունեցել, բայց լռել են, որովհետև մանդատը կարևոր էր արդարությունից: Առանձինը՝ ՀՎԿ-ն չկարողացավ նոր ոչինչ գտնել, ընտրողն առիթներ ունեցել էր երախտագիտություն արտահայտելու մանկապարտեզների փրկության, ավանդների վերադարձի, սոցիալական օրակարգի համար, բացի այդ՝ նաև առիթներ ունեցել էր համոզվելու, որ ՕԵԿ-ը պատրաստակամ դաշնակցում է ՀՀԿ-ի հետ, հետո հայտարարում, որ իր ձայները քիչ էին որոշումների ընդունման վրա ազդելու համար ու մեղադրում ընտրողին, որ ավելի մեծ վստահության քվե չտվեց իրեն: Դա ձանձրացնում է ի վերջո: «Ազատ դեմոկրատներին» պակասեց ժամանակը՝ նրանք ունեին հայտնի թեկնածուներ, որ չդարձան թիմ: Սխալ էր ընտրարշավը կառուցել միակ քաղաքական ուժի հայեցակարգի վրա, որ դեմ է ԵԱՏՄ-ին ու ԵՄ է տանելու երկիրը: Ընտրողը բավականաչափ գրագետ է՝ հասկանալու, որ ԵԱՏՄ-ն փաստ է, որից ազատվելու ժամանակ ու պայմաններ են պետք, ԵՄ-ն հեռանկար է, որին հասնելու ավելի մեծ ժամանակ է պետք: Փաստացի՝ նրանք չփորձեցին նույնիսկ ներկայացնել ԵՄ-ի հետ ասոցացման առավելությունները, չբացատրեցին՝ ինչպես: Հետևանքը դարձավ, որ չստացան նույնիսկ ԵՄ-ի կողմնակիցների ձայները: ՀԱԿ-ը շեշտեց խաղաղության կարևորությունը և զիջումների անհրաժեշտությունը: Խաղաղությունը չվիճարկվեց, զիջումները մերժվեցին: Լևոն Տեր-Պետրոսյանը երկու հեռուստաելույթով հարկ համարեց ընտրարշավին մասնակցել, նույնիսկ վերջին հանրահավաքում ելույթ չունեցավ, թերևս, գիտեր՝ արդյունքն ինչ է լինելու: Նրա թիմակիցները ոչ քննադատում էին իշխանությանը, ոչ բացատրում, թե ինչու պիտի Ալիևին վստահել:
Դա ոչ թե ընտրարշավ էր, այլ ժամանց, փոխադարձ չհասկացվածության մթնոլորտում: ՕՐՕ-ն սկսեց ագրեսիվ և արտաքին ագրեսիվության տակ փորձում էր աննկատ դարձնել սեփական հարցերին սեփական պատասխաններ չունենալը: Նախարարների դաշինքը վստահություն չներշնչեց ի սկզբանե՝ ոչ միայն Վարդան Օսկանյանի մարտի 1-ն աշխատեց, ոչ միայն Րաֆֆի Հովհաննիսյանի 2013-ը ու Սեյրան Օհանյանի 2016-ի ապրիլյան քառօրյան, երեքի էլ առանձին-առանձին քաղաքականություն մտնելու կամ քաղաքականության մեջ մնալու փաստարկները համոզիչ չէին: Կորցնելով ֆինանսավորման աղբյուրը, ՕՐՕ-ն կդադարի գոյություն ունենալ՝ մինչ այդ հայտարարելով, որ իրենն է փողոցը և ինքը, իբրև արտախորհրդարանական ուժ, շարունակելու է պաշտպանել ժողովրդի շահերը: Բայց ժողովուրդն ուզո՞ւմ է:
3. Ապրիլի 3-ից սպասում կար՝ ո՞վ է դուրս գալու հրապարակ: Ապարդյուն սպասում էր: Ի վերջո, 2007-ին ու 2012-ին էլ ժողովուրդը ԱԺ ընտրություններից հետո իր գործին մնաց: ՈՒ դա ոչ մեկին չզարմացրեց: Ժողովուրդը փողոց էր դուրս գալիս նախագահական ընտրություններում՝ 2008-ին, 2013-ին, դրանից էլ առաջ: Բայց տուն էր գնում ձեռնունայն: ՈՒ սովորեց տնից դուրս չգալ: Ժողովուրդն ԱԺ ընտրություններում պարտվեց, բայց ոչ ոք չհաղթեց: Ըստ ԿԸՀ-ի` ընտրողները 2 588 000-ն էին, ընտրել են 1 575 782-ը: 1012218-ը ի՞նչ էին մտածում: Նրանց մասին ո՞վ է մտածելու: Թվերի հետ հեշտ է գումարում-հանումը, բայց նրանք կոնկրետ մարդիկ են՝ կոնկրետ ճակատագրով, ընդհանրության մեջ Հայաստանի Հանրապետությունն են ներկայացնում: Նրանց համար մեկ էր՝ ով կհաղթի, ով կպարտվի, նրանք վստահ էին, որ իրենց կյանքում ոչինչ չի փոխվի, չընտրողները գուցե նաև շատ ավելի սկզբունքային էին ընտրողներից, որոնց որոշակի մասը դեմ չէր 10-20000 դրամ վաստակել: Ընդհանրության մեջ նրանք փողոց դուրս չեկան՝ չհավատացողը շարունակում է չհավատալ, ընտրակաշառք ստացածը իր գործն ավարտեց, պարտվածներին ձայն տվածը նրանցից որևէ կոչ չստացավ, ելքը գտածները քիչ էին, բայց փողոց դուրս գային՝ ի՞նչ ասեին: Չընտրածների համար սկիզբ-վերջ չկա, նրանց համար ապրիլի 2-ը ապրիլի 2-ին ավարտվեց: Բայց դա չի նշանակում, որ բոլորն առանց բացառության իրենց իրավունք չեն վերապահելու հայտարարել, որ երկիրը երկիր չէ, կյանքը կյանք չէ, ընտրությունը ընտրություն չէ, մեղավոր են բոլորը, բայց ոչ իրենք: Վերջ: Որ նաև սկիզբ է: ՈՒզես-չուզես:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ապրիլի 9-ին ԿԸՀ-ն ոչ միայն ամփոփեց ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները, այլև հայտեր ընդունեց Երևանի ավագանու ընտրությունների մասնակիցներից՝ ՀՀԿ, «Ելք», «Երկիր ծիրանի»: Պարզվեց՝ Երևանի ավագանու ընտրությունները դարձան ԱԺ ընտրությունների երկրաշարժի աֆտերշոկը՝ իրար հետևից հրաժարվեցին ՀԱԿ-ը, ԱԴ-ն, ՀԿԿ-ն, ՕՐՕ-ն, ՀՅԴ-ն, ՀՎԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը, մոռանանք մյուս կուսակցություններին, որ չմասնակցեցին ԱԺ ընտրություններին: Նրանք չե՞ն սիրում Երևանը: Իսկ մի քանի օր առաջ սիրո ու նվիրումի երդումներ էին տալիս երևանցիներին: ՈՒ՝ ի՞նչ: «Երկիր ծիրանի» կուսակցությունը հայտարարեց. «Շնորհավորում ենք մեր համակիրներին և աշխարհասփյուռ հայությանը` «Երկիր ծիրանի» կուսակցության առաջիկա քաղաքական պայքարին իր մասնակցության հայտը ներկայացնելու կապակցությամբ: Մեր նպատակն է համայն հայության մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պատասխանատու և պարտավորեցնող պաշտոնը ծառայեցնել ի բարօրություն ժողովրդի»: Կուսակցության համար, որի մասին հայտնի է միայն նախագահի անունը, ռիսկային քայլ է ու փայլուն գովազդ, միանգամից դաշտ մտնելու հնարավորություն, եթե երևանցիները որոշեն Զարուհի Փոստանջյանին մանդատ տալ՝ ԱԺ-ի մանդատի փոխարեն: ՀՀԿ-ն պարտավոր է պահել նորից հաղթած իշխանության պատիվը և չի կարող «հանձնել» մայրաքաղաքը, «Ելքը»՝ ապացուցել, որ ելք կա նաև Երևանում, առավել ևս, որ «Ելքի» ձայների հիմնական մասը հենց մայրաքաղաքային էին: Իսկ ընդհանրապես՝ սա դեմարշ էր՝ կուսակցությունները իրենց վերաբերմունքն են արտահայտում ԱԺ ընտրությունների արդյունքների նկատմամբ: Քաղաքական վերաբերմունքը, բայց ոչ իրենց ընտրողների ու իրենց վստահողների կամքը՝ քաղաքական էլիտան նորից արհամարհեց ժողովրդին: Մինչդեռ կարող էին մատչ ռևանշի գնալ, բայց համարեցին անիմաստ: Նրանք բոյկոտում են ՀՀԿ-ն՝ նրան թողնելով մայրաքաղաքում մրցակցել դեկտեմբերին կազմավորված դաշինքի և մարտին ազդարարված կուսակցության հետ: Եվ, միանշանակ, սպասում են, որ երևանցիները մեծամասնության մեջ չեն գնալու ընտրության, եթե իրենք չկան: Եթե գնան էլ, ընտրությունները կեղծվելու են հօգուտ ՀՀԿ-ի և «Ելքի» ու «Երկիր ծիրանիի» վրա ծիծաղելու քաղաքական հնարավորություն են ստանալու: Հույժ քաղաքական կեցվածք է: Սերը պարտադիր պիտի փոխադարձ լինի ընտրությունների ժամանակ, անպատասխան սերը ստիպում է լքել: Երևանը կդիմանա, երևանցիները՝ ևս: Սա վերջն է, որին սկիզբ չի հաջորդում, վերջ, թե սկիզբ՝ տարբերությունը միայն ժամանակը չէ, տարբերությունը գիտակցության մեջ է, իսկ գիտակցությունը դառը կորիզ է, որից քաղցր պտուղները դժվար են հասունանում, իսկ դառնություն առանց այդ էլ շատ կա: ՈՒ ընդհանրապես՝ շուտով ոչ ոք ընտրությունները չի հիշելու: Սկսվում է իշխանական կարկանդակը մասնատելու քաղցր ու դառը պահը: ԱԺ-ն պիտի ղեկավարություն ունենա, վարչապետը՝ կառավարություն: Եթե Հայաստանում գործեր ոչ թե մեկ մարդու կամայական որոշումների կայացման ինստիտուտը, այլ սկզբունքների ու օրենքների, ամեն ինչ պարզ կլիներ, իսկ այսպես հացը թանկացել է, բայց զվարճանքը լիքն է: ՈՒ՝ ձրի: Այսպիսին էր 2017-ի ապրիլը, մնաց 2018-ինը: